Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել

Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել

Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի, ինչպես նաև հոդաճառի քրոնիկական վնասման դեպքում` հոդերի վրա մշտապես չափից ավելի ֆիզիկական բեռնվածության հետևանքով:

 

Արթրոզի դեպքում ախտահարվում են ինչպես խոշոր` ծնկային, կոնքազդրային, սրունք-թաթային, արմնկային, այնպես էլ մանր, այդ թվում` ողնաշարի հոդերը, ինչպես նաև ոսկրային հյուսվածքն ու հոդի ներքին մակերեսը, ոսկրերը միացնող հոդամակերեսները ծածկող աճառը, որն աստիճանաբար քայքայվում է ու բարակում: Երբեմն հոդի մակերեսին գոյանում է փշաձև ոսկրային գերաճ:

 

Հոդերի ցավն առաջին ախտանշանն է, որ ստիպում է դիմել բժշկի: Այն լինում է սուր` շարժումները սահմանափակող, և չափավոր` միայն տևական ծանրաբեռնվածության դեպքում: Սաստիկ ցավի առաջացման հիմնական պատճառը բորբոքային պրոցեսն է, որը գումարվում է հոդի կամ դրան շրջապատող հյուսվածքների` կապանների, ջլերի, պարկերի մաշվածքին: Արթրոզի սկզբնական փուլերում ցավն աննշան է: Այն առաջանում է միայն հոդերը խիստ ծանրաբեռնելու` անհարմար դիրքով երկար նստելու, քայլելու, վազելու, ծանրություն բարձրացնելու ժամանակ: Խորացած փուլում ցավը մշտական բնույթ է կրում: Հոդերը կարող են ուռչել, շոշափելիս ցավոտ են, ծալումը և տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաև հոդի ձևախախտում: 

 

Սկզբնական շրջանում արթրոզը զարգանում է հիմնականում ծնկի, կոնքազդրային, դաստակների մանր հոդերում: Ավելի հաճախ հաստանում և ձևախախտվում են ձեռքի մատնոսկրային, հարեղունգային, ոտքի մեծ մատների հոդերը: Երբեմն միանգամից ախտահարվում են բազմաթիվ հոդեր: Ոտնաթաթի հոդախտի պատճառ կարող Է դառնալ նաև նեղ կոշիկներ հագնելը:

 

Պետք է սահմանափակել ցավ պատճառող շարժումները 

 

Հիվանդների մեծ մասն արթրոզի առաջին ախտանշանների դրսևորման դեպքում խուճապի է մատնվում, սակայն պետք է գիտենալ, որ հոդերում առաջացած ցավերը ազդանշան են, որոնք հուշում են կենսակերպը փոխելու անհրաժեշտության մասին:

 

Կոնքազդրային և ծնկի հոդերի արթրոզի դեպքում պետք է չափավորել ֆիզիկական ակտիվությունը` վազք, արագ քայլք, ցատկեր, ծանրություն բարձրացնել ու տեղափոխել, կքանստել, զառիթափ բարձրանալ, աստիճաններով վերուվար անել:

 

Ողնաշարի արթրոզի դեպքում առաջանում են նյարդարմատային ցավեր` պայմանավորված ոսկրերի գերաճով և նյարդարմատների վնասմամբ: Դրանք կարող են առաջանալ ողնաշարի ցանկացած հատվածի ախտահարման դեպքում և տեղակայվել ինչպես այդ, այնպես էլ մարմնի այլ հատվածներում` ծոծրակ, կրծքավանդակ, վերջույթներ: Ցավոտ կետեր կարող են ի հայտ գալ նաև սրտի, որովայնի շրջանում:

 

Վերականգնողական բուժում 

 

Ինքնազգացողությունը բարելավելու արդյունավետ միջոց են մերսումն ու ֆիզիկական մեթոդներով բուժումը: Անհրաժեշտ է այնպես անել, որ ակտիվ կենսակերպը կռճիկների վրա բացասաբար չազդի: Այդ առումով լողը կատարյալ միջոց է: Լավ է նաև հեծանվավազքը, սակայն պետք է խուսափել խորդուբորդ տեղանքից` ցնցումներից հոդերը կարող են վնասվել:

 

Առողջարանային բուժումը բավականաչափ արդյունավետ է հիվանդության սկզբնական փուլում և վերականգնողական բուժման շրջանում` բուժական ցեխեր, աղային լոգանքներ, շոգեբաղնիք, լող, բուժական մարմնամարզություն և այլն:

 

Օստեոարթրոզի բուժման և հոդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հաճախ անհրաժեշտ է լինում օրթոպեդիական կոշիկներ հագնել, հարթաթաթության դեպքում` սուպինատորներ, ինչպես նաև ծնկակապեր օգտագործել, որոնք նվազեցնում են ծնկահոդի խախտվածությունն ու կռճիկը զերծ պահում վնասվելուց: Ծնկակապերի փոխարեն կարելի է օգտագործել նաև առաձգական բինտ, սակայն այնպես, որ այն երակներում արյան հոսքը չկասեցնի:

 

Դեղորայքային բուժում

 

Որքան էլ արդյունավետ լինեն վերը թվարկված մեթոդները, այնուամենայնիվ, դեղորայքային բուժումը խիստ անհրաժեշտ է բորբոքումը վերացնելու և հոդի քայքայումը կանխելու համար: Աճառի կառուցվածքը բարելավող դեղամիջոցները` խոնդրոպրոտեկտորները, նախատեսված չեն անմիջականորեն հոդի բորբոքումը վերացնելու համար, այլ նպաստում են արթրոզի ընթացքի դանդաղմանն ու աճառային հյուսվածքի ամրապնդմանը:

 

Դեղամիջոցներն արդյունավետ են, սակայն կարող են ստամոքսը գրգռել, ուստի անհրաժեշտ է դրանք ընդունել միայն ուտելուց հետո: Ավելի անվտանգ են քսուքները:

 

Ցավը մեղմելու համար արդյունավետ են նաև հակաբորբոքային քսուքի և դեղամիջոցի համակցությունը:

 

Վիրահատական միջամտություն 

 

Եթե բոլոր միջոցներն օգտագործվել են, իսկ հոդը շարունակում է քայքայվել, վիրահատական միջամտության` էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն է առաջանում:

 

Ծնկահոդն օրգանիզմի ամենածանրաբեռնված հոդերից է, որի մակերեսի վրա առաջացած նույնիսկ փոքր անհարթությունը կարող է հանգեցնել ամբողջ հոդի անդառնալի փոփոխությունների: Ներհոդային կոտրվածքների դեպքում` հատկապես ծնկահոդի, հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդություններից է, որի համապարփակ էնդոպրոթեզավորումը բուժման ամենաարդյունավետ եղանակն է:

 

Արթրոզի բուժումը նշանակվում է` ելնելով հոդի ախտահարվածության աստիճանից և հիվանդության փուլից: Բուժման համար անհրաժեշտ է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը, խուսափել ախտահարված հոդի շրջանի ծանրաբեռնվածությունից, ազատվել ավելորդ քաշից և կատարել բժշկի նշանակումները:

 

Վարժությունների համալիր` ստորին վերջույթների արթրոզի դեպքում

 

  1. Պառկեք մեջքի վրա, աջ ոտքի ծունկը ծալեք, ապա ուղղեք: Նույնը կատարեք ձախ ոտքով, այնուհետև` երկու ոտքով միաժամանակ:
  2. Պառկեք մեջքի վրա, ոտքերով հեծանվորդի շարժումներ կատարեք:
  3. Պառկեք մեջքի վրա, ոտքերը բարձրացրեք և իջեցրեք, շարժումները նմանեցնելով «ուղղահայաց մկրատ»վարժությանը:
  4. Պառկեք մեջքի վրա, ոտքերը տարածեք կողմ և միացրեք, շարժումները նմանեցնելով «հորիզոնական մկրատ» վարժությանը:
  5. Պառկեք մեջքի վրա, ձգեք կրունկները, բայց ոչ թաթերը:
  6. Պառկեք կողքի վրա, ոտքը բարձրացրեք և իջեցրեք:
  7. Պառկեք փորի վրա, ոտքը ծալեք և ուղղեք:
  8. Պառկեք փորի վրա, ոտքը բարձրացրեք և իջեցրեք:
  9. Նստեք աթոռին, ծալեք և ուղղեք նախ աջ, հետո ձախ ոտքը:

 

Առաջարկվող վարժությունները կատարեք ամեն օր, կրկնելով 5-6 անգամ: Դրանք հոդերի վերականգնման լավագույն միջոցներից են:

Հեղինակ. Օվսաննա Սիմոնյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վերականգնողական բժշկության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

NARA ISRAYELYAN

11.09.2015

VERJNAKAN BUJVUM EN...

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ